Իսրայելը պնդում է` հարվածել է Իրանի ստորգետնյա օբյեկտի, որտեղ բալիստիկ հրթիռներ կային

Հարվածի պահին օբյեկտում կարող էին գտնվել հարյուրավոր իրանցի զինվորականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի ստորգետնյա օբյեկտին հարվածելու մասին, որտեղ, իբր, բալիստիկ հրթիռներ են պահվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ շրջանակներում ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել մի շարք ռազմական օբյեկտների` ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքը, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների պահպանման համար», - ասվում է հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ–ը պնդում է, որ հարվածի պահին օբյեկտում եղել են հարյուրավոր իրանցի զինվորականներ։ Նշվում է, որ հաստատությունում կան ռազմական բունկերներ և հրամանատարական կենտրոններ:
Հարված է հասցվել նաև ԻՀՊԿ գլխավոր ռազմական համալսարանին։ Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Սպահանում «Գադր» հրթիռների արտադրության օբյեկտի վրա։
ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքին փետրվարի վերջին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: