ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ ԱՄՆ–ն այսօր հարված է հասցրել Իրանի Ղեշմ կղզու ջրի աղազերծման գործարանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Դրա հետևանքով խմելու ջրի խնդիր է առաջացել շուրջ 30 գյուղերում։
Իրանի ԱԳ նախարարը սա անվանել է «բացահայտ հանցագործություն ԱՄՆ-ի կողմից»։
«Իրանի ենթակառուցվածքների թիրախավորումը վտանգավոր քայլ է՝ ծանր հետևանքներով։ ԱՄՆ-ն է այս նախադեպը սահմանել, ոչ թե Իրանը»,- գրել է Արաղչին։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով Արաղչիի գրառումը, հավելել է, որ Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների ծաղկուն քաղաքներից շատերը կարող են վերածվել անապատի, եթե սկսեն թիրախավորվել այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող ջրի աղազրկման գործարանները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: