1990 թվականը Հայաստանում ոչ միայն քաղաքական շրջադարձի սկիզբ էր, այլև ժողովրդագրության տեսանկյունից վերջին տարին էր, երբ Հայաստանը դեռ ուներ կայուն բնական աճ։ Sputnik Արմենիայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հետագա երեքուկես տասնամյակում այդ ռեսուրսը գրեթե ամբողջությամբ սպառվեց՝ վերածվելով ոչ թե վիճակագրական, այլ ազգային անվտանգության խնդրի։ Առողջապահության նախարարության տվյալներով` 1990 թվականին ծնունդները մոտ 79 000 էին, մահերը` 25 000, այսինքն` բնական աճը 54 000 էր։
Սակայն արդեն 1993–1994 թվականներին պատկերն արմատապես փոխվեց։ Ծնունդների թիվը կտրուկ նվազեց՝ հասնելով մոտ 51–54 հազարի։ Մահացությունը մնաց բարձր` մոտ 25–26 հազար, բնական աճը նվազեց գրեթե կրկնակի` հասնելով 26–29 հազարի։ Այսինքն` միայն 4 տարվա ընթացքում ծնելիությունը նվազել է մոտ 32%-ով, տարեկան միջինով ՝ 9-10%։
Այս տարիներին նորանկախ Հայաստանը պատերազմում էր, շրջափակման մեջ էր և երկրից զանգվածային արտագաղթ կար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՊՄՀ–ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու Սյուզաննա Եղիազարյան նկատեց, որ շուկային անկման փուլն ուղեկցվում է պատերազմով, շրջափակմամբ և զանգվածային արտագաղթով՝ որպես սոցիալական ռիսկերի կուտակման համակցված միջավայր։
«Պատերազմը, շրջափակումը և զանգվածային արտագաղթը ստեղծում են բարձր անորոշության դաշտ, որի պայմաններում վերարտադրողական վարքը դառնում է ռիսկերի հաշվարկով պայմանավորված որոշում։ Արդյունքը՝ ծնունդների կտրուկ անկում՝ պահպանվող բարձր մահացության ֆոնին։ 1990-ից հետո ձևավորվել է ժողովրդագրական նոր ռեժիմ, որտեղ ծնելիությունը երկարատև նվազման պայմաններում այլևս չի ապահովում բնական աճի կայուն մակարդակ, իսկ 2016-ից հետո համակարգը մոտեցել է բնական աճի «զրոյացման» շեմին»,– նշեց մասնագետը։
1995–2005 թվականներին թվացյալ կայունացում եղավ, բայց իրականում խորքային անկում էր։ Այս տասնամյակում ծնունդները տատանվում էին 35–48 հազարի միջակայքում, մահացությունը աճեց՝ հասնելով 26–27 հազարի։ Թվերը այլևս չէին փոխվում, բայց նաև չէին վերականգնվում նախկին ցուցանշիները։ Եթե համեմատենք 1990-ի հետ, ապա ծնելիությունը արդեն նվազել էր մոտ 40–55%-ով, բնական աճը կրճատված էր ավելի քան 60%–ով։ Սակայն այս պատկերը ժողովրդագրության համար դեռևս «կարմիր լույս» մասնագետները չէի համարում։
Եղիազարյանի նշեց, որ ծնելիության «կայունացումը» տեղի է ունեցել ոչ թե բարձր մակարդակի վերադարձով, այլ պարզապես ֆիսքվել է ցածր միջակայքը։ Ըստ նրա` սա բնորոշ է այն հասարակություններին, որտեղ ընտանիքի ինստիտուցիոնալ հիմքերը՝ աշխատանքի կայունություն, բնակարանային հասանելիություն, խնամքի համակարգերի հուսալիություն, երկարաժամկետ սոցիալական կանխատեսելիություն, ամբողջությամբ չեն վերականգնվում՝
2006–2015 թվականներին թվերում աճ արձանագրվեց, սակայն այն շրջադարձային չեղավ. 2006–2013 թթ.–ին ծնունդներ՝ 40–45 հազար, մահեր՝ 27–28 հազար, բնական աճ՝ 12–17 հազար։ Այս տարիներին իշխանությունները փորձեցին պատկերը ներկայացնել որպես ժողովրդագրական վերականգնում, սակայն հետագա ցուցանիշները փաստեցին` իրականում այն կարճատև շնչառություն էր ժողովրդագրության համար։
2016–2020 թվականների կտրուկ շրջադարձ եղավ դեպի վտանգավոր գոտի` բնական աճը նվազեց մինչև 6–8 հազարի` գործնականում մոտենալով զրոյական սահմանին։
2018–2019 թթ. ծնունդներ՝ 36–37 հազար
2020 թ. ծնունդներ՝ մոտ 36 հազար
Մահեր՝ 28–30 հազար։
2021–2024․ ժողովրդագրական «կարմիր գիծ»
2021–2022 թթ. ծնունդներ՝ 32–34 հազար
2023–2024 թթ. ծնունդներ՝ 33–36 հազար
Մահացություն՝ մոտ 28–30 հազար
Որոշ տարիներին բնական աճը կազմում է ընդամենը 2–4 հազար մարդ։
Առողջապահության նախարարությունը 2025 թվականի տվյալները դեռ չի ամփոփել, սակայն Վիճակագրական կոմիտեի հունվար–սեպտեմբերի տվյալներով էլ ՀՀ–ում ժողովրդագրական ցուցանիշները անկում են ապրում.
Ծնունդներ- 26,8 հազար
Մահեր- 21,1 հազար
Բնական աճ՝ 5.7 հազար։
Այսինքն` նույնիսկ 2024 թվականի հետ համեմատած 4.8% տոկոս նվազում կա, եթե համեմատենք 1990 թվականի հետ, ապա անկումը 54.4 % է։
Դասախոսն ընդգծեց որ տվյալները փաստում են` բնական աճը կրկին մոտենում է զրոյին։
«Այս վիճակում ցանկացած փոքր տատանում ծնելիության մեջ անհամաչափ մեծ ազդեցություն է ունենում բնական աճի վրա, քանի որ մահացության մակարդակը մնում է համեմատաբար կայուն։ Արդյունքում ձևավորվում է ժողովրդագրական խոցելիություն՝ բնական աճի նորմալացման փոխարեն բնական աճի սահմանային փոքրությունների մակարդակում մնալով»,– շարունակեց Եղիազարյանը։
Ինչպե՞ս է արձագանքում պետությունը
2018 թվականին կառավարությունը ծնելության աճի խթանման նպատակով որոշեց երրորդ և չորրորդ երեխաների դեպքում միանվագ տրամադրել 1 000 000 դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ 1 500 000 դրամ։
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սյուզաննա Եղիազարյանի կարծիքով` պետության այս մոտեցումը թիրախավորում է այն ընտանիքները, որոնք արդեն գտնվում են բազմազավակության որոշման տիրույթում։ Նրա խոսքով, եղել է 3+ երեխաներով ընտանիքների աճ, սակայն ընդհանուր ծնելիության շարունակել է անկում ապրել։
«Սա սոցիոլոգիապես բնորոշ է թիրախային սոցիալական ծրագրերին, երբ դրանք կարող են բարձրացնել որոշակի խմբերի ցուցանիշները, սակայն չփոխել ընդհանուր ժողովրդագրական ռեժիմը, եթե հիմնական զանգվածը՝ 1–2 երեխայի ընտանիքները, չի կայունանում»,– շարունակեց Եղիազարյանը։
Sputnik Արմենիայի հարցման ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2024 թ.–ի ընտանիքում երրորդ և չորրորդ երեխաների թիվը կազմել է 11 833, ընտանիքում հինգ և հաջորդող երեխաների թիվը կազմել է 642։ Այսինքն` պետության կողմից տրամադվել է 12 մլրդ 796 մլն դրամ
Իսկ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ընտանիքում երրորդ և չորրորդ երեխաների թիվը կազմել է 8 070, հինգ և հաջորդող երեխաների թիվը` 531։ Կառավարությունը տրամադրել է 8 մլրդ 866 մլմ 500 հազար դրամ։
Սակայն կառավարությունը որոշեց փոխել տրամաբանությունը։ Նախ 2024 թվականին Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությամբ արձանագրվեց` պետությունը գնում է ոչ թե քանական, այլ որակական աճի սկզբունքով։ 190–ից ավելի ծրագիր ներառող ռազմավարության կյանքի կոչման համար 2.6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6 միլիարդ դոլար կպահանջվի: Եթե այս ռազմավարությունն իրագործվի, ապա նախատեսվում է, որ մինչև 2040-ը բնակչության թիվը կավելանա ընդամենը 260 հազարով։
Եղիազյանը, անդրադառնալով ռազմավարությանը, նկատեց, որ ծրագիրը թեև շատ ծախաստար է, միևնույն է, ծնելիության սահմանափակ աճ է նախատեսում։
«Սա ինստիտուցիոնալ մակարդակում փաստում է ժողովրդագրական իներտությունը՝ նույնիսկ մեծ ռեսուրսների դեպքում արագ շրջադարձի սահմանափակ հավանականությամբ»,– ավելացրեց նա։
Արդեն այս տարի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվեց 500 հազար դրամ, զուգահեռ երրորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 6 տարի շարունակ, 50 հազար դրամ ամսական աջակցություն։ Ինչպե՞ս է գնահատվում` նման ձևաչափով նպաստն իրականում կնպաստի՞ ծնելիության աճին, թե՞ կծառայի միայն որպես սոցիալական աջակցություն հարցին նախարարությունը ոչ հստակ պատասխան է տվել։
«Երրորդ և հաջորդ երեխաներին տրամադրվող դրամական աջակցության ծրագրի շարունակականության նպատակահարմարության հարցն ուսումնասիրելու նպատակով իրականացվել է աջակցության մշտադիտարկում, ըստ որի՝ ծրագիրն ունեցել է զգալի դրական ազդեցություն՝ երրորդ և հերթական հաջորդ ծնված երեխաների թվի, ինչպես նաև երեխաների խնամքի ապահովման և բարեկեցության վրա, ինչն էլ իր հերթին անդրադարձել է ժողովրդագրական վիճակի բարելավման վրա։ Ըստ այդմ, կարծում ենք, որ ծրագրի վերափոխումը մշտական պետական նպաստի կնպաստի ծնելիության աճին»,– պատասխանել են նախարարությունից։
Եվս մի քանի թիվ. երեխաներ չունեցող ընտանիքների թիվը 2015-2022 թվականներին աճել է 9,7%-ով, 1 և 2 երեխա ունեցող ընտանիքների թիվը նվազել է 19,5%-ով և 18,9%-ով, 3 և 4 երեխա ունեցող ընտանիքների թիվը աճել է 37,9 %-ով և 16,7%-ով, իսկ ամենամեծ աճը ունեցել է 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները՝ 79,9% -ով: Կառավարության կատարած մշտադիտարկումը փաստում է ծնելության անկումը։
Նախարությունը հղում է կատարել միջազգային փորձին և նշել, որ վիճակագրական տվյալները և միջազգային փորձը ցույց են տալիս, որ ներկայումս 1-2 կարգաթվով երեխաների ծնունդների թիվը չի աճում, և ընտանիքներում ամենից դժվարը հենց երկրորդ երեխան ունենալու որոշումն է։
«Այդ կերպ կխթանվի ընտանիքում հատկապես երկրորդ երեխայի ծնունդը (մինչ այս որոշումը՝ առաջին ու երկրորդ երեխայիի համար տրվում էր 300 հազարական դրամ-խմբ.), իսկ մինչև 6 տարեկանը տրամադրվող ամսական 50 000 դրամ պետական նպաստը կխթանի ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը»,– ասված է պատասխանում։
Գործադիր իշխանությունը վստահ է, որ փոփոխությունների արդյունքում խթանում են ծնողական որոշման կայացման առաջին փուլը, նրանք ապացուցված են համարում, որ ազդեցություն կունենան ոչ միայն 3-րդ երեխայի ծնելիության, այլ նաև ընդհանուր ժողովրդագրական միջավայրի բարելավման վրա։
«2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծից տվյալներից պարզ է դառնում, որ փոփոխություններով պետություն ավելի շատ ֆինանսական միջոցներ է մտադիր հատկացնել։ Ընտանիքներում 3 և ավելի երեխաների համար պետությունը, եթե 2025 թվականին հատկացրել էր մոտ 27 միլիոն դրամ, ապա 2026 թվականի համար նախատեսել է 32 միլիոն 900 հազար դրամ։
Սոցիոլոգիական գիտությունների թեկածուն նշեց, որ ծնելիության անկումն ամբողջ աշխարհին հուզող խնդիր է։ Նա համեմատական անցկացրեց տարածաշրջանի երկրների հետ ու նկատեց, որ, օրինակ` Ադրբեջանում 2025թ. գրանցվել է 95,875 կենդանի ծնունդ, և ծնելիության ցուցանիշը նվազել է 10.0-ից մինչև 9.4 1000 բնակչին՝ 2024-ի համեմատ։ Վրաստանում 2024թ. կենդանի ծնունդները կազմել են 39,483, իսկ մահերը՝ 43,971՝ բնական նվազումով։
«Յուրաքանչյուր երկրի կոնկրետ դինամիկան պայմանավորվում է իր սոցիալ-տնտեսական և միգրացիոն կառուցվածքով։ Սակայն ուրբանիզացիան և տնտեսական զարգացումը փոխում են ընտանիքի կենսակերպը և երեխաների դերի ընկալումը․ բարձրանում են բնակարանային, կրթական և խնամքի ծախսերը, արագանում է կյանքի ռիթմը, մեծանում են աշխատանքի պահանջները։ Զարգացած և զարգացող երկրներում միաժամանակ ուժեղանում է անհատականացման գործընթացը․ կանայք և տղամարդիկ ավելի մեծ ուշադրություն են դարձնում սեփական կրթությանը, կարիերային, ինքնիրացմանը և անձնական կյանքի որակին։ Արդյունքում ընտանիքները հաճախ ընտրում են փոքր թվով երեխաներ կամ հետաձգում ծնունդը՝ փորձելով համատեղել անձնական նպատակները և ընտանեկան պարտականությունները»,– բացատերեց Եղիազարյանը։
ՄԱԿ-ի` 2019 թվականի հետազոտությունների համաձայն` Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2.5 միլիոն (2024-ի մարդահամարի տվյալներով ՀՀ բնակչության թիվը 2,99 մլն էր-խմբ.), որի 60 %–ը լինելու են տարեցներ։
Ի՞նչ է առաջարկում մասնագետը
Սյուզաննա Եղիազարյանի կարծիքով` ֆինանսական խթանները բավարար չեն խնդրի կարգավորման համար։ Նա հիշեցրեց, որ աշխատանքային կյանքը չափազանց պահանջկոտ է, բնակարանների գները բարձր են, կյանքի ռիթմը խոչընդոտում է ընտանիքի ձևավորմանը։
«Բնական աճի կայունացման համար անհրաժեշտ է միաժամանակ երկու ուղղություն` ծնելիության խթանում, մահացության նվազեցում` առողջապահության, կանխարգելման, կենսակերպի փոփոխության միջոցով։ Կարճաժամկետ ծրագրերը կարող են փոքր ազդեցություն ունենալ, սակայն բնական աճի իրական բարձրացումը պահանջում է տասնամյակներ շարունակվող քաղաքականություն»,– նշեց նա։
Ժողովրդագրական իրավիճակի արդյունավետ կառավարումը, ըստ Եղիազարյանի, հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի շարունակական, ճշգրիտ և բաց տվյալների վրա հիմնված դիտարկման համակարգ։