Թրամփը պնդում է, որ ԱՄՆ–ն ոչնչացրել է Իրանի նավատորմը, կապի միջոցներն ու հրթիռները

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ երկրի զինված ուժերը երեք օրում իրանական 24 նավ են խորտակել։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Նրանք չեն հասկանում` ինչ է կատարվում։ Բայց մենք աշխարհի ամենահզոր բանակն ունենք։ Նրանց նավատորմը ոչնչացվել է։ 24 նավ երեք օրում։ Դա շատ է։ Նրանց զենիթային զենքերը ոչնչացվել են։ Այնպես որ, նրանք ՌՕՈւ չունեն։ Նրանք ՀՕՊ չունեն։ Նրանց բոլոր ինքնաթիռները ոչնչացվել են։ Նրանց կապի միջոցները ոչնչացվել են։ Հրթիռները ոչնչացվել են։ Արձակման կայանքները ոչնչացվել են։ Համապատասխանաբար մոտ 60 և 64 տոկոս», – հայտարարել է Թրամփը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: