Շրի Լանկայի մոտ խորտակված ֆրեգատի վրա սպառազինություն չի եղել. Իրանի ԱԳՆ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուրընկալած իրանական ռազմանավը հարձակման է ենթարկվել Հնդկական օվկիանոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի կողմից խորտակված իրանական ֆրեգատի վրա սպառազինություն չի եղել, այն արարողակարգային նավ էր։ Այս մասին հնդկական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։
«Սա շատ տխուր միջադեպ է։ Այս նավը հնդիկ բարեկամների հրավերով գնացել էր մասնակցելու համատեղ զորավարժություններին, այն արարողակարգային գործառույթներ էր կատարում։ Նավի վրա սպառազինություն չի եղել։ Ամերիկացիները որդեգրում են նացիստական ​​Գերմանիայի գործելակերպը՝ հարձակվելով արարողակարգային գործառույթներ կատարող անզեն նավի վրա», – ասել է նա։
Իրանի ԱԳՆ–ն նաև հավելել է, որ ԱՄՆ-ն անընդհատ փոխում է իր նպատակները Իրանի հետ հակամարտության մեջ՝ կախված շուկայում տիրող պայմաններից և լսարանի հետաքրքրություններից։ Նշվում է, որ Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ֆրեգատը խորտակողներն անպատիժ չեն մնա։
«Սա շատ ցավալի է։ Զորավարժություններին մասնակցող բազմաթիվ երիտասարդ իրանցի նավաստիներ են մահացել», – ասել է փոխնախարարը։
Մարտի 4-ին Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից հարձակման ենթարկվեց իրանական IRIS «Dena» ֆրեգատը։ Միջազգային ջրերում խորտակված նավի վրա առնվազն 130 նավաստի է եղել, նրանցից ավելի քան 100-ը զոհվել է։ Դեպքի վայր ժամանած Շրի Լանկայի ռազմածովային ուժերի նավերը 32 վիրավոր իրանցի նավաստիների են փրկել։
«Dena» ֆրեգատը (Իրանի բարձր լեռներից մեկի անունով) պատկանում էր «Moudge» տեսակին` Իրանի նավատորմի առավել ժամանակակից ֆրեգատների շարքին։ Թեև չափսերով (1500 տոննա ջրատարողությամբ) ավելի նման էր մեծ կորվետի, սակայն պաշտոնապես ֆրեգատ էր համարվում։