Ներկրման և արտահանման ի՞նչ խնդիրներ ունենք Իրանի հետ. տնտեսագետի պարզաբանումը

Հայաստանը բենզինի, դիզելի կամ հեղուկ գազի մոտ 90 %–ը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն անհետևանք չեն կարող մնալ նաև այս շուկայի գների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողություններն արդեն իսկ իրենց բացասական հետևանքներն են ունենում Հայաստանի երկկողմ բեռնափոխադրումների, ապրանքաշրջանառության և լոգիստիկ շղթաների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ռազմական գործողությունների սրման ֆոնին Թեհրանը մարտի 3-ին արգելեց սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը։ Հայաստանում փորձագետները մտահոգված են կաթի հնարավոր պակասուրդի վերաբերյալ, քանի որ արտադրողները իրանական հումք են օգտագործում։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում բացառեց նման հավանականությունը։
Կփոխհատուցի՞ արդյոք ԵԱՏՄ-ն հայկական շուկայում իրանական արտադրանքի պակասը. փորձագետ
Պարսյանի խոսքով` ճիշտ է` Հայաստանն իր արտաքին առևտուրը հիմնականում իրականացնում է Վրաստանի տարածքով, սակայն մեզ համար միակ այլընտրանքային ճանապարհն Իրանն էր, որի սահմանն այս պահին փակ է։
Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ խնդիր են առաջացրել նաև այս երկրից դեպի Հայաստան ապրանքների ներկրման համար, որոնք մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն` բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, ինչպես նաև շինանյութ։ Տնտեսագետի խոսքով` եթե ռազմական գործողությունները շարունակվեն ու Իրանից ներկրում չլինի, ապա վերոնշյալ ապրանքների գծով անխուսափելիորեն գնաճ ենք ունենալու։
«Միևնույն ժամանակ, Իրանը մեզ համար դարպաս է արաբական աշխարհի հետ կապ հաստատելու իմաստով, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների հետ առևտուր կազմակերպելու համար։ Մասնավորապես, «Բանդար Աբբաս» և «Չաբահար» նավահանգիստները ժամանակ առ ժամանակ նաև ծառայում են դեպի Հայաստան բեռնափոխադրումները կազմակերպելու համար»,– ընդգծեց տնտեսագետը։
Նա նշեց, որ Հայաստանից դեպի Պարսից ծոցի երկրներ արտահանում էինք ոսկի, ինչպես նաև տարբեր մթերքներ, օրինակ` միս, իսկ ներկրում էլեկտրատեխնիկա, սարքավորումներ և այլն։ Այս մասով մեր երկիրը կարող է բավականին խնդիրներ ունենալ. Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 2024–25 թթ․ կտրուկ ավելացել էր մեր առևտրի ծավալները` հասնելով մոտ 4․7 մլրդ դոլարի։
ՔՊ–ականները վստահ են` տարածաշրջանային զարգացումների առումով Հայաստանի համար ռիսկեր չկան
Ինչ վերաբերում է էներգակիրներին, ապա Պարսյանը հիշեցրեց, որ Հայաստանը բենզինի, դիզելի կամ հեղուկ գազի մոտ 90 %–ը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, սակայն Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն անհետևանք չեն կարող մնալ նաև այս շուկայում գների բարձրացման վրա։
«Ռուսաստանի էներգակիրների գները որոշվում են կամ ուղղորդվում են նաև համաշխարհային գներով, և եթե էներգակիրների գները շարունակեն աճել, բնականաբար, ռուսական կողմը նույնպես ստիպված է լինելու թանկ վաճառել բենզինը, դիզելը և այլն։ Այս պարագայում Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր ներկրումները։ Օրինակ` դա կարող է լինել Ղազախստանը, Թուրքմենստանը, որը թույլ կտա զսպել գնաճը»,– նշեց տնտեսագետը։
Որպես այլընտրանքային ուղղություն` Պարսյանը չբացառեց նաև Ադրբեջանից էներգակիրների ներկրումը, սակայն ընդգծեց` Հայաստան ներմուծվող այդ խմբաքանակը չի կարող մեր ամբողջ շուկայի պահանջարկը բավարարել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: