«Մենք կանգնած ենք մինչև վերջ». Թեհրանի բնակիչները ցույցի են դուրս եկել

Երթի մասնակիցները կրում են Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի պատկերով պաստառներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Թեհրանի բնակիչները կեսօրի աղոթքից հետո հավաքվել են ցույցի՝ հայտարարելով Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտությունում «մինչև վերջ կանգնելու» պատրաստակամության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երթի մասնակիցները կրում են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի պատկերով պաստառներ:
Մասնակիցների ձեռքերում «Մենք կանգնած ենք մինչև վերջ» գրված փոքր պաստառներ են, իսկ երթում նաև հնչում են հակաամերիկյան ու հակաիսրայելական կարգախոսներ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: