ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. «Flydubai» ավիաընկերությունը մարտի 7-ից 11-ի չվերթերը չեղարկել է մասնակի՝ յուրաքանչյուր օր ծրագրվում է իրականացնել 1 չվերթ: Այս մասին հայտնում է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։
Նշվում է, որ փետրվարի 28-ի կանոնավոր թռիչքների խափանումից հետո ավիաընկերությունը մարտի 4-ին, 5-ին և 6-ին իրականացրել է ընդհանուր թվով 4 ուղիղ չվերթ Դուբայ-Երևան- Դուբայ ուղղությամբ՝ Դուբայից Երևան տեղափոխելով ավելի քան 650 ուղևոր:
«Այս պահի դրությամբ մարտի 12-ից սկսած չվերթները պլանավորված են ըստ չվացուցակի»,–հայտնում է ավիաընկերությունը։
Շեշտվում է, որ Դուբայ - Երևան չվերթերը կատարվել են ԱՄԷ ավիացիոն իշխանությունների կողմից մշակված անվտանգ երթուղով: Թռիչքի տևողությունը մեկ ուղղությամբ կազմում է մոտ 6 ժամ:
Ավելի վաղ տուրիստական գործակալություններից հայտնել էին, որ այսօր պաշտոնական նամակներ են ստացել «Air Arabia», «Flydubai» և «Qatar Airways» ավիաընկերություններից, որոնք հայտնել են մարտ ամսվա համար նախատեսված չվերթերը չեղարկելու մասին։
Նշվում էր, որ «Air Arabia» ավիաընկերությունը չեղարկել է չվերթերը մինչև մարտի 28–ը, «Flydubai» ավիաընկերությունը` մինչև մարտի 20–ը, իսկ «Qatar Airways»–ը` մինչև մարտի 15–ը ներառյալ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: