ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանից սննդամթերքի արտահանման արգելքը հատկապես մտահոգիչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտի վրա. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Նշենք` ռազմական գործողությունների սրացման ֆոնին Իրանը մարտի 3-ից արգելեց սննդամթերքի և գյուղատնտեսական ամբողջ արտադրանքի արտահանումը։
Որոշման նպատակը երկրի ներքին պահանջարկը բավարարելն է և պատերազմական իրավիճակում պարենային անվտանգությունն ապահովելը։ Արգելափակումը անժամկետ է` կախված կառավարության հետագա հրահանգներից։
Ինչ վերաբերում է Հայաստան արտահանվող ապրանքներին, ապա դրանցում սննդամթերքի ու գյուղարտադրանքի ընդհանուր ծավալը շուրջ 10 տոկոս է։
«Ինձ ամենաշատը մտահոգում է կաթնամթերքի ներմուծման արգելքը, որովհետև մեզ մոտ կաթի մեծ դեֆիցիտ կա, և Իրանից շատ մեծ չափաքանակով և՛ սերուցք էինք ստանում, և՛ տարբեր տեսակի հումք, և՛ մեր գործարարներն այդ սերուցքից կարագ են արտադրում ու արտահանում, և տեղական շուկայում այդքան տարածված կաթնամթերքը մեծամասամբ, կարելի է ասել, արտադրվում է իրանական հումքից»,– նշում է Հարություն Մնացականյանը։
Նրա հաշվարկով` եթե իրանական կողմի կիրառած արգելքը 10 օրից ավելի ձգվի, հայաստանյան կաթնամթերքի շուկայում դեֆիցիտ կառաջանա, ինչն էլ կհանգեցնի գների բարձրացման։
Մեր զրուցակցի առանձնացրած հաջորդ խնդիրը կարող է ի հայտ գալ տոմատի մածուկի արտադրության մեջ։ Բանն այն է, որ, Մնացականյանի խոսքով, Հայաստան բավական մեծ քանակի տոմատի կոնցենտրատ (խյուս) է ներմուծվում Իրանից, որը լայնորեն կիրառվում է տեղական տոմատի մածուկի արտադրության մեջ։ Հետևաբար, այս շուկայում ևս գնաճն անխուսափելի կլինի։
Թարմ պտուղ–բանջարեղենից հայաստանյան շուկայում, գյուղատնտեսի գնահատմամբ, նկատելի կլինի նաև իրանական գունավոր պղպեղի, սմբուկի, սոխի, ծաղկակաղամբի, գազարի պակասը, քանի որ դրանք մեծ պահանջարկ ունեն ՀՀ պարենային շուկայում, և, որ պակաս կարևոր չէ, թանկ չեն։
«Եթե դեֆիցիտ լինի, բանջարեղենի գների բարձրացում տեղի կունենա։ Հուսանք, որ Իրանը շուտ կբացի սահմանները», – ասում է Մնացականյանը։
Հակառակ դեպքում, Իրանից ներկրվող այս բոլոր ապրանքների այլընտրանքը դառնալու է թուքականը։ Բայց, ավելի բարձր ինքնարժեքով։
«Թուրքիայից ներկրվող ապրանքի գինը մի քիչ ավելի բարձր է լինելու, նաև լոգիստիկ ծախսերն են ավելի մեծ։ Իրանից բեռնատարը 2000-2500 դոլարով է հասնում Երևան, Թուրքիայից`ավելի բարձր գնով, որովհետև մտնելու է Վրաստան, Վրաստանից` Հայաստան և այլն»,– ասաց գյուղատնտեսը։
Ինչ վերաբերում է Իրանից ներկվող անասնակերին, Մնացականյանի խոսքով, դրա բացակայության ազդեցությունը հայաստանյան անասնապահության վրա էական չի լինի։ Անասնակերի պահանջարկը հիմնականում ապահովվում է Ռուսաստանից ներկրումների հաշվին, և առաջացած դեֆիցիտը շատ արագ կարող է լրացվել` առանց լուրջ հետևանքների։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության տվյալներով 2025թ–ին Իրանից Հայաստան ընդհանուր առմամբ 680 մլն դոլարի ապրանքն է ներկրվել։ Պարենային ու գյուղատնտեսական ապրանքների հանրագումարը 2025թ–ի միայն առաջին կիսամյակում կազմել է 34 մլն դոլար։ Տարվա երկրորդ կիսամյակի բացվածքը դեռ հրապարակված չէ։ Նշված 34 մլն դոլարից 6 մլն–ը կազմում են կաթն ու սերուցքը, 5 մլն–ը` կարագն ու կաթնային մածուկը, 6 մլն–ը` լոլիկը, 4 մլն–ը` այլ թարմ ու սառեցված բանջարեղենը, 8 մլն–ը`միրգը, որից 4 մլն–ը` ցիտրուսային։ Գյուղատնտեսական ապրանքներից 2025թ–ի առաջի կիսամյակում Իրանից ՀՀ ներկրվել է նաև 5 մլն դոլարի անասնակեր։