ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն արդարացրել է Իրանի դեմ Թրամփի գործողությունը

Ռյուտեն պնդում է, որ Իրանի դեմ Թրամփի արշավները «լայն աջակցություն» ունեն դաշինքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդես է եկել Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների օգտին, վերջինս արդեն շնորհակալություն է հայտնել նրան այդ վերաբերմունքի համար։

«Դաշնակիցները մեծամասամբ աջակցում են նախագահին և նպաստում են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին, որոնք ուղղված են Իրանին զրկելու միջուկային և, իհարկե, հրթիռային ներուժից», - ասել է Ռյուտեն «Newsmax» ռեսուրսին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Իրանի դեմ պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ն պատրաստ է հավաքական պաշտպանության մասին կազմակերպության պայմանագրի 5-րդ հոդվածի հնարավոր գործարկմանը՝ պնդելով, թե Թեհրանը, իբր, մոտ է եղել Եվրոպայի համար սպառնալիք դառնալուն:
Դրանից հետո «Truth Social» սոցցանցում Թրամփը գրել է. «Շնորհակալություն ՆԱՏՕ-ի մեր հրաշալի գլխավոր քարտուղարին»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը միաժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մասինՌյուտեի խոսքերը ցույց են տալիս, որ դաշինքի շահերը «այնտեղ են, որտեղ կասեն»:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: