ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանն Իրանի դեսպանին ԱԳՆ է կանչել Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին լուրերից հետո։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին ինքնավար հանրապետության տարածքի ուղղությամբ Իրանի տարածքից ԱԹՍ–ների հարձակումներ են իրականացվել։ Հաղորդվում է, որ մեկ ԱԹՍ ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված դրոնների այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և տուժել է երկու խաղաղ բնակիչ»,-հայտարարել են ԱԳՆ-ում։
Նախարարությունում հավելել են, որ «Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին» և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին։
Բաքվում պահանջել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սեղմ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և անհրաժեշտ հրատապ միջոցներ ձեռնարկի՝ հետագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։
«Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել ։ Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին վճռական բողոք կհայտնվի և համապատասխան բողոքի նոտա կհանձնվի»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: