Կատարից և ԱՄԷ-ից դեպի Հայաստան 5 չվերթ է չեղարկվել

Չվերթերի չեղարկումները կապված են Մերձավոր Արևելքում ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից չվերթերը, որոնք նախատեսված էին մարտի 6-ին, չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվերթերի առցանց-ցուցանակից։
Մասնավորապես չեղարկվել է 1 չվերթ Դոհայից (Qatar Airways), 4 չվերթ ԱՄԷ-ից՝ 2-ը Շարժայից (Air Arabia), մեկական չվերթեր էլ՝ Դուբայից (Flydubai) և Աբու Դաբիից (Air Arabia)։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս 12 ժամով երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:
Բացի այդ, Սիրիայի իշխանությունները Հալեպի օդանավակայանից 3 օդային միջանցք են բացել Թուրքիայի և Միջերկրական ծովի ուղղությամբ: Երկրի օդային տարածքի մնացած մասն ու Դամասկոսի օդանավակայանը փակ են մինչև մարտի 7-ը: