ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիական «Հզբոլլահ» շարժման մի խմբավորում, որը գործում էր Լիբանանի հարավում՝ շարժման հրամանատարական կենտրոնում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ի զորքերը հայտնաբերել են «Հզբոլլահի» մի քանի ահաբեկիչների, որոնք ներթափանցել են կազմակերպության կողմից որպես հրամանատարական կենտրոն օգտագործվող մի շենք՝ Լիբանանի հարավում։ Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել նրանց ուղղությամբ և ոչնչացրել նրանց»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մարտի 2–ի գիշերը Իսրայելը հայտարարել էր, թե «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։ Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է «իսրայելական ագրեսիային» դիմադրել չցանկանալու համար։