Իրանը հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքեր ընկնելու հետ իր առնչությունը

Իրանի քաղաքականությունը չի ենթադրում հարվածներ հարևան երկրներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրների ռազմաբազաներն օգտագործվում են Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված՝ երկրի մասնակցությունը:
Ադրբեջանական «Anewz» հեռուստաալիքի հետ զրույցում նա հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի միջադեպի հետ:
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Տվյալ միջադեպը մանրակրկիտ հետաքննություն է պահանջում», - ասել է Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ Իրանի քաղաքականությունը չի ենթադրում հարվածներ հարևան երկրներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրների ռազմաբազաներն օգտագործվում են Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար:
Թեհրանը նախապես զգուշացրել էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա այդ երկրները թիրախ կդառնան Իրանի համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: