ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իրանի զինված ուժերը հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են նրա տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը։ Այս մասին, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնում է Իսլամական Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբը։
«Իրանի զինված ուժերը հարգում են հարևան և բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում են որևէ հրթիռի արձակումն այդ երկրի ուղղությամբ»,-ասված է գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Մարտի 4–ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ենթադրաբար Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է ոչնչացվել թուրքական օդային տարածքում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ: Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել։ Երկրի տարածքում հրթիռի բեկորների ընկնելուց հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Իրանի շուրջ սրացման ֆոնին հանրապետության դեմ ցանկացած հարձակման հակահարված տալու և ՆԱՏՕ-ի հետ անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։