ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի ցամաքային գործողությանը։ Այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Որոշ ամերիկացի պաշտոնյաներ ասում էին, որ նախատեսում են ցամաքային գործողության միջոցով՝ մի քանի հազար զինվորականներով մտնել Իրանի տարածք: Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենեիի խիզախ որդիները սպասում են ձեզ, որպեսզի խայտառակեն ամերիկացի ստոր պաշտոնյաներին հազարավոր սպանվածներով և գերիներով», - գրել է նա «X» սոցցանցում։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը չէր բացառել Իրանում ԱՄՆ ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը, սակայն նշել էր, որ դեռևս նման ծրագրեր չկան:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: