ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմի» հետ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման հետագա քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ կառավարությունից նշում են, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ անվտանգության ապահովման հարցերի, էներգետիկ ոլորտում փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների առևտրի զարգացման հնարավորությունների շուրջ։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել է միայն 1989 թվականի մարտին, իսկ երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը:
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։