ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չորրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Մոսկվայում ավարտված «Aeroflot Open» միջազգային խոշոր մրցաշարում:
Հայ շախմատիստը 9 տուրերում տարել է 5 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի և միայն մեկում պարտվել: Մարտիրոսյանը վաստակել է 6,5 միավոր և կիսել 2-16-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով չորրորդը: Նույնքան միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով զբաղեցրել է 13-րդ տեղը:
Հատկանշական է, որ մրցաշարում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստերներ Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը: Իսկ «Aeroflot Open»-ի հաղթող է դարձել համաշխարհային շախմատային չեմպիոնության նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ով վաստակել է 7,5 միավոր:
Նշենք, որ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է նույնպես Մոսկվայում անցկացված «Aeroflot Open Legends» միջազգային մրցաշարի հաղթող: Իսկ ընդհանուր առմամբ «Aeroflot Open»-ում հանդես էր գալիս Հայաստանի շախմատիստների մեծ խումբ, այդ թվում՝ առաջատար գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը: