ԱՄՆ-ն կզղջա. Արաղչին՝ Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավին հարվածելու մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին . Արխիվային լուսանկար
Իրանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու իրանական ռազմանավի խորտակումը գազանություն է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն վտանգավոր նախադեպ է ստեղծել՝ հարձակվելով իրանական ռազմանավի վրա Իրանի ափերից 2 հազար մղոն հեռավորության վրա։
««Dena» ռազմանավը, որում շուրջ 130 նավաստի կար, հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում՝ առանց նախազգուշացման։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,-սոցիալական ցանցերում գրել է նախարարը։
Արաղչին ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «գազանություն»։
Իրանական «IRIS Dena» ռազմանավը, որում անձնակազմի մոտ 180 անդամ կար, խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ դեպի հարավ՝ ամերիկյան սուզանավի հարձակման հետևանքով։
Ավելի ուշ կործանման վայրում հայտնաբերվել են 80 նավաստիների մարմիններ։ Մոտ 30 հոգու հաջողվել է փրկել։ Անձնակազմի մնացած անդամների ճակատագիրն անհայտ է։