Ադրբեջանը Հայաստան է ուղարկել նավթամթերքի հերթական խմբաքանակը և ռուսական պարարտանյութեր

Հայաստան է ուղարկվում շուրջ 2 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 135 տոննա ռուսական պարարտանյութ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Բաքուն նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրանց տվյալներով՝ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։ Բացի այդ, Ադրբեջանի տարածքով` տարանցիկ ճանապարհով, ուղարկվել է երկու վագոն՝ բեռնված 135 տոննա ռուսական պարարտանյութով։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Միևնույն ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Երևանը Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից հեղուկացված գազի և բիտումի մատակարարման վերաբերյալ՝ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով։