Զախարովան դատապարտել է 170 իրանցի աշակերտուհիների զոհվելու հետ կապված Արևմուտքի լռությունը

Ռուս դիվանագետի կարծիքով՝ Արևմուտքում դադարել են հասկանալ բարոյականության սկզբունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն քննադատել է Արևմուտքի լռությունը ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով իրանցի դպրոցականների զոհվելու փաստի առնչությամբ:
Ռադիո «Sputnik»-ի եթերում դիվանագետը նշել է, որ աշխարհում երեխաներին ցուցակների բաժանելու միտում է նկատվում․ որոշ երեխաներ ենթակա են պաշտպանության, իսկ որոշները կարող են «բախվել իրենց հասցեին գործադրվող բռնության արդարացմանը»:
«Ոչ ոք ո՛չ կարեկցանք հայտնեց, ո՛չ ցավակցություն, ոչ ոք չընդունեց այդ արարքների սխալ լինելը կամ հանցավոր բնույթը, ոչ նրանցից, ովքեր արել են դա, ոչ էլ նրանցից, ովքեր համերաշխ են նրանց հետ: Ոչ ոք չասաց, որ դա անթույլատրելի է․․․ Արևմուտքում դադարել են ընկալել բարոյականությունը՝ այն հանգեցնելով հոգեվերլուծաբանի մոտ պարզ ռեֆլեքսիայի և խիղճը լռեցնելու փորձերի: Կարևորը, որ հարվածների ենթարկվող երեխաներն իրենց երեխաները չլինեն, մնացած ամեն ինչ թույլատրելի է»,-նշել է Զախարովան:
Ավելի վաղ իրանցի դպրոցական աղջիկների զոհվելու հարցը հրապարակավ բարձրացրել էր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը: Նա հրապարակային ելույթի ժամանակ հայտարարել էր.
«Եվ ի՞նչ, մենք հիմա պետք է հաշտվե՞նք այն մտքի հետ, որ մեր կամ Իսրայելի ռումբերը երեխաներ են սպանում»: Ավելի ուշ Թրամփի զարմուհին՝ Մերի Լիա Թրամփը (ամերիկացի հայտնի հոգեբան և քոուչ), X սոցիալական ցանցում կիսվել էր Ռամի Աբդուլի գրառմամբ, որտեղ պատկերված էր զոհված դպրոցականների համար փորված գերեզմանների լուսանկարը և գրել. «Ես մարտահրավեր եմ նետում բոլորին, ովքեր փորձում են արդարացնել սա»:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: