Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնը հեռուստանախագիծ կներկայացնի

Բեմադրությունը պատրաստվել է երկու կարճ կատակերգական՝ «Արջը» և «Առաջարկ» պիեսների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնը Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա կներկայացնի հեռուստատեսային պրեմիերա, որի տեսահեռարձակումը տեղի կունենա մարտի 7-ին՝ թատրոնի հիմնադրման օրը, նրա պաշտոնական կայքում, ինչպես նաև մի շարք միջազգային տեսահարթակներում:
Բեմադրությունը, որը կոչվում է «Չեխովի ձևով», պատրաստվել է երկու կարճ կատակերգական՝ «Արջը» և «Առաջարկ» պիեսների հիման վրա։
«Չեխովի ձևով» ներկայացումը բեմական անդրադարձ է չեխովյան աշխույժ, նուրբ և հեգնական դրամատուրգիային, որտեղ կատակերգության թեթևությունը զուգորդվում է խորը հոգեբանության և ճանաչելի մարդկային կերպարների հետ: Հեռուստատեսային տարբերակում դասական սյուժեները նոր հնչեղություն են ստանում՝ պահպանելով ռուսական թատերական ավանդույթի մթնոլորտը և բացահայտելով այն ժամանակակից հանդիսատեսին», - ասվում է թատրոնի հաղորդագրության մեջ։
Բեմադրող ռեժիսորներն են Արմեն Մարգարյանը և Հովհաննես Հակոբյանը: Դերերը կատարում են Էմմա Օգոլցովան, Անդրոնիկ Ռոմանովը և Անտոն Աղաջանյանը: