Քրդերը 3–4 օրից ավել չեն պայքարելու Իրանի դեմ. փորձագետը` ԱՄՆ–ի գայթակղիչ առաջարկի մասին

Կարեն Հովհաննիսյանի խոսքով` Իրանի դեմ գործողության դեպքում քրդերը երկար չեն պայքարի, եթե արագ հաջողության չհասնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին փորձում է օգտագործել քրդական գործոնը տարածաշրջանային իր ռազմավարության մեջ՝ այս անգամ Իրանի դեմ հնարավոր գործողություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` անդրադառնալով իրաքյան քրդերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված խոստումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն աշխատում է քրդական կազմավորումներին զենք մատակարարելու ուղղությամբ՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։
Ըստ փորձագետ Կարեն Հովհաննիսյանի` թեև առաջարկը կարող է որոշակիորեն գայթակղիչ լինել քրդերի համար, այն ունի բազմաթիվ քաղաքական և ներքին հակասություններով պայմանավորված սահմանափակումներ։
«Միացյալ Նահանգները քրդերին կարծես թե գայթակղում է այն գաղափարով, որ վերջիվերջո իրենք այդ տարածաշրջանում կունենան անկախ պետություն, եթե գործակցեն ԱՄՆ–ի հետ, և իհարկե, եթե «չեզոքացնեն» վտանգը, որը գալիս է Իրանից։ Այս առիթից փորձում է օգտվել ԱՄՆ-ն, և իրականում քրդերի համար սա բավականին հետաքրքիր առաջարկ է։ Կարծում եմ` առաջին փուլում քրդերի համար գայթակղիչ առաջարկը կարող է և՛ ընկալելի, և՛ ընդունելի լինել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, այն փաստը, որ Իրանի արևմտյան հատվածում, այսինքն՝ Իրաքյան Քրդստանի սահմանակից հատվածում (նաև քիչ չեն Իրանի տարածքում) այսպես կոչված ապստամբ քրդերը, որոնք շատ վաղուց նաև նպատակ ունեն հենց Իրանի տարածքների հաշվին ստեղծել քրդական ինչ-որ ինքնավարություն և միավոր»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ փորձագետը հիշեցրեց, որ ԱՄՆ–ի կողմից նման խոստումները նոր չեն։ Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները բազմիցս նման հայտարարություններ է արել նաև նախկինում՝ մասնավորապես Սիրիայի քրդերի նկատմամբ։ Վաշինգտոնը ժամանակին, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն խոստումներ է տվել Սիրիայի քրդերին, այլև զենք և զինամթերք է տրամադրել, որպեսզի նրանք պայքարեն ինչպես «Իսլամական պետության» զինյալների, այնպես էլ Բաշար Ասադի կառավարական ուժերի դեմ։
«Սակայն արդյունքում բոլորս Սիրիայում ականատես եղանք բոլորովին այլ հանգուցալուծման։ Նույնը նաև Իրաքյան Քրդստանում է։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Իրաքյան Քրդստանի ռազմական միավորին հենց ինքը՝ ԱՄՆ-ն է ֆինանսավորում՝ գոնե առնվազն աշխատավարձերի գծով։ Միևնույն ժամանակ այստեղ պետք է ասեմ, որ քրդերի հավատալ-չհավատալն այդքան էական չէ, որքան քուրդ ղեկավարությանը գայթակղելը։ Այսինքն՝ ոչ միայն անկախություն է խոստանում ԱՄՆ-ն, այլ նաև թե՛ Էրբիլի իշխանությանը, թե՛ Սուլեյմանիայի իշխանությանը առանձին-առանձին խոստանում է նոր անկախ Քրդստանի իշխանություն, ղեկավարություն կամ ղեկավարության ստանձնում»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար. CNN
Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը նաև հասկանում է, որ նույնիսկ գործակցության դեպքում քրդական ուժերը երկարատև ռազմական գործողությունների մեջ դժվար թե ներգրավվեն, եթե արագ արդյունքներ չլինեն։
«Քրդերը, եթե Իրանի դեմ ցամաքային հարձակման էլ գնան, երկար չեն պայքարելու։ Օրինակ` 3–4 օրում եթե որևէ իրական հաջողություն չգրանցեն, ապա քրդերը միանշանակ հետ են կանգնելու. դա իրենց էթնիկ առանձնահատկությունն է։ Արդյունքում չի լինելու ծրագիրը, որը մտածել էր ԱՄՆ–ն»,– հավելեց Հովհաննիսյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև քրդական տարբեր խմբերի միջև գոյություն ունեցող հակասությունների վրա, որոնք կարող են լուրջ խոչընդոտ դառնալ ցանկացած միասնական ծրագրի իրականացման համար։
Հովհաննիսյանի խոսքով՝ լուրջ տարաձայնություններ կան Էրբիլի և Սուլեյմանիայի քաղաքական ուժերի, ինչպես նաև Իրանի տարածքում գործող քրդական խմբերի միջև։
Սիրիայի քրդերի հարցում իրականացվում են ՌԴ–ի և Թուրքիայի մտահղացած գործընթացները. Լավրով