Փաշինյանը Վրաստանում ներկայացրել է, թե ինչ հսկայական եկամուտներ կարող են ունենալ TRIPP-ից

ՀՀ վարչապետի խոսքով` վրացի գործընկերները ունեն այն նույն ընկալումը, ինչ Հայաստանի իշխանությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերներին մանրամասն պատմել է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին և ասել, թե ինչ հսկայական եկամուտներ կարող են ունենան տարածաշրջանի երկրները։ Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց նա` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
ՔՊ–ական պատգամավորը Փաշինյանից հետաքրքրվեց` արդյոք Վրաստանում հասկացե՞լ են, որ «Թրամփի ուղի» նախագծի իրագործման դեպքում Վրաստանի` որպես տարանցիկ երկրի դերը չի նվազի։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ վրացի գործընկերներին մանրամասն տեղեկատվություն է փոխանցել, թե ինչ է տեղի ունենում այս նախագծի իրագործման համատեքստում։
«Մենք նշել ենք, որ խոսքը վերաբերում է Արևելքից Արևմուտք, մասնավորապես՝ Չինաստանից դեպի Եվրամիություն և հակառակ ուղղությամբ տրիլիոնների ապրանքների տեղափոխմանը։ Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այս նախագծին նայեն որպես ընդհանուր հնարավորություն, և բոլորիս եկամուտները տասնյակ անգամներ կավելանան»,– հայտարարեց վարչապետը։
Նա վստահեցրեց, որ վրացի գործընկերներն այս ընկալումն ունեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։