Փաշինյանը ակնկալում է Վրաստանի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային համագործակցության խորացում

Միջկառավարական հանձնաժողովի նիստում Փաշինյանն ավելի մեծ ուշադրություն է հրավիրել այն բոլոր հնարավորությունների վրա, որ բացում է տարածաշրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է տարածաշրջանային համագործակցության խորացում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Նա այս մասին հայտարարել է Թբիլիսիում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի բացմանը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
«Անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան, և մենք հույս ունենք առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով։ Այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը։ Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն մեծ հնարավորությունների վրա, որ բացում է մեր տարածաշրջանը, չնայած նրա, որ հիմա տարածաշրջանային իրավիճակը շատ բարդ է»,–ասել է Փաշինյանը։
Փաշինյանն անգնահատելի է համարել Վրաստանի մեծ աջակցությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին։
Հիշեցնենք` նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին Ադրբեջանը նավթամթերքի մի քանի խմբաքանակ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանի տարածքով։ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ժամանել Ռուսաստանից և Ղազախստանից։