ՄԱԿ–ի անկախ առաքելությունը խստորեն դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

ՄԱԿ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հետևողականորեն կիրառվեն բոլորի նկատմամբ. դրանք չեն կարող տարբեր կերպ մեկնաբանվել՝ կախված այն բանից, թե որ պետությունն է գործողություններ իրականացնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի անկախ փաստահավաք առաքելությունը նշել է, որ Իրանի դեմ ամերիկյան և իսրայելական հարվածները հակասում են կազմակերպության կանոնադրությանը:
«Այդ հարձակումները, որոնց հաջորդեցին տարածաշրջանում Իրանի պատասխան հարվածները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, որն արգելում է ուժի կիրառումը ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ: « ...» Միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հետևողականորեն կիրառվեն բոլորի նկատմամբ. դրանք չեն կարող տարբեր կերպ մեկնաբանվել՝ կախված այն բանից, թե որ պետությունն է գործողություններ իրականացնում», – ասված է ՄԱԿ-ի փաստաթղթում:
ՄԱԿ-ի անկախ առաքելությունը խստորեն դատապարտում է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: