ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ-ում աշխատող միգրանտներն այսուհետև մի շարք հանգամանքներից ելնելով կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում, բայց նման խնդրից խուսափելու համար որոշ քայլեր պետք է ձեռնարկեն։ Այս մասին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ անդրադառնալով ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխություններին։
Նա հիշեցրեց, որ 2025 թվականի փետրվարի 5-ից ՌԴ-ում վերահսկվող անձանց ռեեստր է ներդրվել, ինչը նշանակում է՝ երբ անձը հայտնվում է այդ ռեեստրում, ապա իր բանկային հաշիվները սառեցվում են ու որևէ պետական գերատեսչություն նրան ծառայություն չի մատուցում։ Այս տարվա մարտի 1-ից նրանց միացել է նաև հարկային ծառայությունը։ Այժմ հարկային ծառայությունների տեղեկանքի ձևը փոխվել է, արդեն էլեկտրոնային քաղվածք է լինելու։ Այժմ հարկերի չվճարումը, օրինակ, կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։
«Մեր աշխատանքային միգրանտների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի այդ ռեեստրում նրանց հայտնվելու հետ։ Երբ մեր քաղաքացիները ՌԴ-ում աշխատանքային պայմանագիր են կնքում, հաճախ շատ հարկեր չվճարելու համար պայմանագրում մի աշխատավարձ է նշվում, բայց աշխատողը մեկ այլ գումար է ստանում։ Երբ անձն իր աշխատավարձի չափով կամ ավելին իր հարազատներին գումար է փոխանցում, ապա այդ տվյալներն անմիջապես միգրացիոն ծառայության են փոխանցվում։ Այդ ժամանակ անձը պետք է բացատրի, թե որտեղից իրեն այդքան գումար, այլապես կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Աշխատողները պետք է պահանջեն գործատուներից պայմանագրում նշել ամբողջ գումարը, որպեսզի խնդիրներ չլինեն»,- ասաց Բեժանյանը։
Նա ընդգծեց, որ լինում են նաև դեպքեր, երբ շինարարական բրիգադի անդամներից մեկի անունից մեծ գումար է փոխանցվում բրիգադի անդամների ընտանիքներին։ Ստացվում է, որ մարդն իր ունեցած աշխատավարձից բազմակի անգամ մեծ գումար է փորձում փոխանցել։ Մասնագետը խնդրում է աշխատանքային միգրանտներին, որպեսզի յուրաքանչյուրն իր գումարը փոխանցի՝ խնդիրներից խուսափելու համար։ Երբեմն նման հարցերը կարող են հիմք հանդիսանալ ՌԴ պատկան մարմինների համար, որպեսզի կարծիք ձևավորվի, թե այդ գումարները գուցե ահաբեկչական ինչ-որ ծրագրի հետ կապ ունեն։
Բեժանյանը նաև նշեց, որ մարտի 1-ից սկսած Անվտանգության դաշնային ծառայությունը կարող է դիմել իր կապի օպերատորներին և անջատել միգրանտի՝ հեռախոսի հասանելիությունը։ Սա էլ պայմանավորված է ստացվող զանգերով և հաղորդագրություններով։ Այստեղ անգամ թյուրիմացաբար անհայտ անձի հետ խոսակցություն լինելու դեպքում միգրանտը Մոսկվայում և Մոսկվայի մարզում շատ լուրջ խնդրի առաջ կարող է կկանգնել։
«Այս խնդրից խուսափելու համար էլ 2025 թվականի սեպտեմբերից Մոսկվայում և Մոսկվայի մարզում աշխատող օտարերկրացիները պետք է ունենան «Ամինա» թվային միգրացիոն հաշվառման համար պարտադիր բջջային հավելվածը։ Այդ հավելվածը պարբերաբար պետք է թարմացնել, այլապես կրկին անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Մի դրվագ էլ կա՝ եթե միգրանտը հիմնական բնակության վայրից պետք է 3 օրից ավելի բացակայի, ապա հաշվառման հասցեի տարածքային ոստիկանությունում պետք է դիմում գրի ու նշի այդ հանգամանքը»,- ասաց նա։
Փոփոխություններից մեկն էլ այն է, որ այն բնակարանում, որտեղ վարձակալել և ապրում է միգրանտը, ապա տան տերը պետք է հաշվառի նրան այնտեղ, այլապես կտուգանվի։ Տուգանքը կազմում է 5000 ռուբլի։ Իրավաբանական անձանց կամ պաշտոնյաների դեպքում այդ գումարը դառնում է 500 000 ռուբլի։