ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականը 13-րդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17:9 հաշվով` դարձան առաջնության բրոնզե մեդալակիր»,– ասված է հայտարարությունում:
Նշենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականը հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Հրաձգության Եվրոպայի առաջնությանը Երևանում մասնակցում են ավելի քան 350 մարզիկներ 40 երկրից։ Մասնակցում է նաև Թուրքիան, Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Ռուսաստանը և Բելառուսը մասնակցում են չեզոք դրոշի ներքո:
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 26 հրաձիգով: Առաջնությունը մեկնարկել է մարտի 1-ին և կավարտվի մարտի 5-ին: