Էկվադորը և ԱՄՆ-ն ռազմական գործողություն են սկսել թմրակարտելների դեմ

2025-ի սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:
Sputnik
ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել Էկվադորի տարածքում գործող թմրակարտելների դեմ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի Հարավային հրամանատարությունը X սոցիալական ցանցում՝ հստակեցնելով, որ գործողությանը մասնակցում են նաև Էկվադորի ուժային կառույցները։
Պենտագոնում հայտարարել են, որ գործողություններն ուղղված են թմրաահաբեկչության դեմ պայքարին։
«Այս գործողությունները ցույց են տալիս Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի գործընկերների նվիրվածությունը նարկոահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկացի և էկվադորցի զինվորականները «վճռական քայլեր են ձեռնարկում այն կառույցներին դիմակայելու համար, որոնք երկար ժամանակ նպաստում են տարածաշրջանում բռնության, ահաբեկչության և կոռուպցիայի տարածմանը»։
ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Էկվադորի զինված ուժերի գործողությունները։
«Երախտագիտություն ենք հայտնում Էկվադորի զինված ուժերի տղամարդկանց և կանանց՝ այս պայքարին նրանց անփոփոխ հավատարմության, ինչպես նաև այն արիության ու վճռականության համար, որը նրանք դրսևորում են՝ շարունակելով գործողություններն իրենց երկրի նարկոահաբեկիչների դեմ»,-ասել է Դոնովանը։
2025 թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել էր Էկվադորի երկու խոշորագույն կարտելները՝ Los Lobos-ը և Los Choneros-ը:
Էկվադորի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր թմրակարտելների դեմ գործողության նոր փուլի մասին։
Մարտի 2-ին Axios պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է ամերիկյան առաջին առաջնորդը, որը մեկ տարվա ընթացքում յոթ երկրի հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Ըստ պարբերականի տվյալների՝ չնայած ռազմական հակամարտություններից խուսափելու ձգտման մասին նախընտրական հայտարարություններին, Թրամփի օրոք ԱՄՆ-ն գործողություններ է իրականացրել յոթ պետություններում, որոնցից երեքը՝ Իրանը, Նիգերիան և Վենեսուելան, նախկինում ԱՄՆ զինված ուժերի կողմից հարձակման չէին ենթարկվել։
Axios-ը նաև նշում է, որ 2025 թվականին Թրամփն ավելի շատ ավիահարվածներ է արտոնել, քան նրա նախորդը՝ Ջո Բայդենը, պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում։