ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Չինական COSCO Shipping-ը Մերձավոր Արևելքի հակամարտության սրման ֆոնին դադարեցրել է տարածաշրջանի հետ կապված փոխադրումների համար նոր պատվերների ընդունումը։ Այդ մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Հիմնվելով COSCO Shipping ընկերության կողմից իրականացված ռիսկերի վերջին գնահատման արդյունքների վրա՝ որոշում է կայացվել անհապաղ դադարեցնել նոր ամրագրումները համապատասխան երթուղիներով՝ մինչև հետագա ծանուցումը», - նշել են ընկերությունում:
Հաղորդվում է նաև, որ նման որոշում է կայացվել բեռների անվտանգության և ծովային փոխադրումների կայունության ապահովման նպատակով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման և Հորմուզի նեղուցում ծովային հաղորդակցության սահմանափակումների ֆոնին:
Ընկերությունը դադարեցրել է ԱՄԷ-ից (բացառությամբ Ֆուջեյրայի և Խոր-Ֆաքանի), Կատարից, Բահրեյնից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից (բացառությամբ Ջիդդայի) և Քուվեյթից փոխադրման բոլոր նոր պատվերների ընդունումը:
Ավելի վաղ Պարսից ծոցում գործունեությունը դադարեցրել էր եվրոպական Maersk-ը։
Արգելափակված են ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Իրաք, Սաուդյան Արաբիա և Քուվեյթ և այդ երկրներից ուղևորվող բեռնափոխադրումները:
Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով կտրուկ աճել են բեռնափոխադրումների և ապահովագրության սակագները, ուստի երկրները կրճատում են նավթի արդյունահանումը և դադարեցնում բեռների տեղափոխումը: