ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ նոր փոփոխությունների` Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։
ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը նշել էր, որ արդեն իսկ ուսումնառությունն ավարտած 57 երիտասարդների շրջանում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերադարձից հետո նրանցից ընդամենը 1-ն է ծառայել բանակում, 4-ը զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով, 12-ը հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։