Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ցավակցել է Իրանի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոսը նաև խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ռազմական հարձակումների կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նահատակության կապակցությամբ։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել ՀՀ–ում Իրանի դեսպանատունը։
«Գարգին Բ–ն Իրանի նախագահին հղած ուղերձում ցավակցություն է հայտնել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների նահատակության կապակցությամբ և խաղաղ ու անվտանգ կյանք մաղթել իրանցիներին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ամենայն հայոց կաթողիկոսը նաև խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ռազմական հարձակումների կապակցությամբ:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: