2025-ի սեպտեմբերի դրությամբ ՌԴ-ում օրինականացվել են ավելի քան 185 հազար ապօրինի միգրանտներ

Կոլոկոլցևի խոսքով, անցած տարի 15 տոկոսով աճել է Ռուսաստանից արտաքսված անձանց թիվը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ ավելի քան 185 հազար ապօրինի միգրանտներ օրինականացրել են իրենց մնալը Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը գերատեսչության ամենամյա ընդլայնված նիստում։
«Անցյալ տարվա փետրվարից վարվում է հսկվող անձանց ռեեստր։ Ընդ որում, արտասահմանից եկած ու երկրում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց իրավունք է տրվել մինչև սեպտեմբեր կարգավորել իրենց իրավական կարգավիճակը։ Դա արել են ավելի քան 185 հազար անօրինական միգրանտներ», - ասել է Կոլոկոլցևը։
Նա նշել է, որ «ստվերից դուրս գալ չցանկացողների» նկատմամբ կիրառվել է արտաքսման ռեժիմով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը:
ՆԳ նախարարը նաև հայտնել է, որ անցյալ տարի 15 տոկոսով աճել է Ռուսաստանից արտաքսված անձանց թիվը:
«Ավելի քան մեկ քառորդով ավելացել է Ռուսաստանից հեռացած անձանց թիվը, որոնց համար չեղարկվել են թույլտվության փաստաթղթերը և կրճատվել է նրանց գտնվելու ժամկետը, իսկ 15 տոկոսով աճել է արտաքսվածների թիվը»,- ասել է Կոլոկոլցևը:
2025 թվականի փետրվարի 5-ից ՌԴ-ում սկսել է կիրառվել վերահսկվող անձանց ռեեստր։ Դրանում հայտնվելը ենթադրում է բանկային հաշիվների սառեցում և պետական մարմինների կողմից տվյալ անձին ծառայություններ մատուցելու մերժում։ Ընթացիկ տարվա մարտի 1-ից այս համակարգին միացել է նաև հարկային ծառայությունը։ Հարկային մարմիններից ստացված տեղեկանքների ձևը փոխվել է, այժմ այն կլինի էլեկտրոնային քաղվածքի տեսքով: Այսուհետ հարկերը չվճարելը կարող է հիմք հանդիսանալ անձին վերահսկվող անձանց ռեեստրում ընդգրկելու համար: