Փորձագետը գնահատել է Հայաստանի համար Իրանի շուրջ էսկալացիայի հետևանքները

Մովսես Ղազարյանը հիշեցրել է, որ Իրանը միշտ դեմ է եղել թուրքական և ադրբեջանական նկրտումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի շահերից չի բխում Իրանի ռազմավարական թուլացումը՝ անկախ նրանից, թե ինչ առավելություններ կարող են Երևանին խոստանալ արտաքին այլ դերակատարների հետ հարաբերությունները։ Sputnik Արմենիայի հարթակում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Մովսես Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ Հայաստանի համար հուսալի գործընկեր է:
«Իրանը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ ելքերից մեկն է։ Այո, մենք հիմա շատ ենք խոսում հաղորդակցության ուղիների ամենատարբեր ապաշրջափակումների մասին, բայց շատ լավ հասկանում ենք, թե ինչ է դրա հետևում թաքնված, և ինչ գին պետք է վճարի Հայաստանն ու համայն հայությունը։ Եվ այդ գինը բնավ համարժեք չէ այն հնարավոր «օգուտներին», որոնք կարող է ստանալ Հայաստանը», - նշել է քաղաքագետը։
Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները կարելի է բնութագրել որպես ռազմավարական գործընկերություն, թեև անվտանգության ոլորտում համակարգային և խորացված փոխգործակցություն մինչ օրս չի ձևավորվել: Բացի այդ, փորձագետը հիշեցրել է, որ Իրանը հետևողականորեն դեմ է տարածաշրջանում թուրքական և ադրբեջանական նկրտումներին:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: