«Պետք է փոխհատուցեք». զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ–ի շենքի մոտ են

Իրավապաշտպանը նշում է, որ քննչական կոմիտեում թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին ՀՀ քննչական կոմիտեի մոտ են։
«Եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, հանցագործություններն էլ կայացել են, ապա պետությունը պետք է քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով գործողություններ իրականացնի։ Պետք է քաղաքացիները նման իրավիճակներից պաշտպանված լինեն ու պետության կողմից էլ ֆինանսական փոխհատուցում լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողույթուն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Ըստ նրա՝ ֆինանսական փոխհատուցումը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։
Խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ակցիան ՔԿ–ի մոտ
Կարագյոզյանի խոսքով՝ պետությունը թերացել է, քանի որ բաց հարթակներում գովազդներ են եղել այս խարդախություններ վերաբերյալ։ Ներկայում իրենք ՔԿ–ի շենքի մոտ են, քանի որ բազմաթիվ հարղորդումներ են ներկայացրել, բայց հանցագործները չեն հայտնաբերվում, իսկ խարդախությունները կրկին ու կրկին տեղի են ունենում։ Իրավապաշտպանը նշեց, որ գործերը քննվում են, բայց 2020 թվականից մինչ օրս չկա որևէ քաղաքացի, որի իրավունքը ֆինանսական առումով վերականգնվել է։
«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է։ Պետությունը պատշաճ չի իրականացրել իրազեկումը»,- վստահեցրեց Կարագյոզյանը։
Քաղաքացիներն իրենց ձեռքերում պահում են «Մեկը չի կորցրել, հազարն են տուժել», «Պետք է փոխհատուցեք», «Խարդախության զոհ ենք», «Պատասխանատվություն, ոչ թե խոստումներ» և այլ գրառումներով պաստառներ։
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։