ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում էսկալացիայի սրումը որոշակի ռիսկեր ունի նաև Հայաստանի համար, ու այս շարքում առաջնահերթություններից են հնարավոր միգրացիոն ռիսկերը և դրանք կառավարելու անհրաժեշտությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պետք է սա դիտարկի որպես ռիսկ և ինստիտուցիոնալ առումով պատրաստ լինի սրան, այդ թվում՝ հումանիտար միջանցքի ձևավորման հարցում։
Իրանում և Իրանի շուրջ էսկալացիայի շարունակությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ նաև լոգիստիկ ուղիների համար, որոնցով Հայաստանի Հանրապետությունը որոշակի փոխգործակցություն է ապահովում արտաքին աշխարհի հետ։ Ըստ Դավթյանի՝ խոսքը, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքի մասին է, որին մեր երկիրը թեև անմիջականորեն դեռևս չի ինտեգրվել, բայց հաշվի առնելով այդ միջանցքի ավտոմայրուղու կառուցումը, նաև այն, որ առնվազն Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Պարսից ծոց - Սև ծով մուլտիմոդալ կապի շատ կարևոր մաս, տրանսպորտային երթուղիների խաթարումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար հեռանկարային առումով։
«Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ռազմատեխնիկական փոխգործակցությունը Հնդկաստանի հետ, և այնտեղից զենքերի, զինատեսակների առյուծի բաժինը մեր երկիր է հասնում հենց Մերձավոր Արևելքի ուղիներով, մասնավորապես՝ Իրանի տարածքով, ու այստեղ շատ մեծ նշանակություն ունի Իրանի Չաբահար նավահանգիստը, որն այսօր ռազմական թիրախներից է դարձել, բնականաբար, սա մենք ևս կարող ենք դիտարկել որպես պոտենցիալ ռիսկ Հայաստանի համար»,- նշեց Դավթյանը։
Նրա կարծիքով՝ այս բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն և դրանց նվազեցման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեն։
Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում նավթի գնաճին, Դավթյանը չի կարծում, թե դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նավթավերամշակող տնտեսություն չունի։ Բենզինի, դիզվառելիքի գների վրա բացասական ազդեցությունը դեռևս այդքան ուղիղ և արագ չի լինի, ժամանակ է պետք։ Դավթյանի կարծիքով՝ այս տեսանկյունից մենք դեռ անվտանգության գոտում ենք։
Հայաստան ներկրվող գազի առումով որոշակի ռիսկեր կան․ Մերձավոր Արևելքում արտադրվող հեղուկացված գազի առյուծի բաժինը Հորմուզի նեղուցով է արտահանվում, և նեղուցի պարալիզացումը, բնականաբար, արդեն իսկ հանգեցրել է բավականին լուրջ գնաճի։ Դավթյանը նշում է, որ, օրինակ՝ եվրոպական շուկաներում գազի գինն արդեն բարձրացել է 25 %-ով։
«Բարեբախտաբար, Հայաստանն ունի երկարաժամկետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, և գազի գինը ֆիքսված և հաստատված է ընդհուպ մինչև 2031 թ․։ Ինչ վերաբերում է գազամուղով Հայաստան փոխադրվող գազին, ապա ակնհայտ է, որ եթե շարունակվեն Իրանի էներգետիկ ու գազատրանսպորտային համակարգին ուղղված հարվածները, ապա ակնհայտ է, որ Իրանն այն արդյունահանումը, որ իրականացնում է այսօր, նախևառաջ ուղղելու է ներքին կարիքների բավարարմանը»,- նշեց Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ անգամ եթե գազի արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվի, ապա դա չի բերի Հայաստանի էներգետիկ անվտանգության լուրջ փոխակերպումների։ Հիշեցնում է, որ Իրան-Հայաստան գազամուղով Հայաստանը ներկրում է ընդամենը տարեկան առավելագույն դեպքում 300-350 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից։ Միաժամանակ, Իրանը շատ կարևոր դիվերսիֆիկացիոն ուղղություն է Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի համար, ուստի սա ևս պետք է որպես հնարավոր ռիսկ դիտարկել։