ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Կոտայքի մարզում` Քասախ-Եղվարդ ճանապարհի դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է ամբողջությամբ այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ 30–ամյա տղամարդու մոխրացած մարմինն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը նշում է, որ դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում օպերատիվ տեղեկությունները ստացվել են մարտի 2–ին` ժամը 22:30–ի սահմաններում։
Ըստ shamshyan.com–ի` մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30–ամյա Վարդգես Կ–ն է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք, պարզվում է։