ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրանի դեմ ամերիկյան ցամաքային գործողության հավանականությունը 80 տոկոս է, և այն կսկսվի Հյուսիսային Իրաքի տարածքից։ Այս մասին Sputnik-ին ասել է ռազմաքաղաքական մեկնաբան Միխայիլ Օնուֆրիենկոն։
Իրաքի հյուսիսում են գտնվում Բաղդադին փաստացի չենթարկվող քրդական ապստամբական ջոկատները։ Ինչպես նշել է փորձագետը, այժմ ուղղաթիռներով ամերիկյան հատուկ նշանակության ուժեր են տեղափոխվում Իրաքի հյուսիս, սակայն Իրան կմտնեն ոչ թե ամերիկացի զինծառայողները, այլ քրդական ստորաբաժանումները: Վաշինգտոնը կխնայի իր զինվորականների կյանքը, հակառակ դեպքում դա աղետալի ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի ժողովրդականության վրա։
«Ամերիկացիների համար քրդերը թնդանոթի միս են, և նրանց զոհելը խնդիր չէ, ինչպես մենք համոզվեցինք Սիրիայի և Ուկրաինայի օրինակներով, որտեղ ԱՄՆ-ն գործում էր ուրիշի ձեռքերով։ Սա իրադարձությունների՝ մինչև մարտի վերջ ամենահավանական զարգացումն է», - կարծիք է հայտնել Օնուֆրիենկոն։
Փորձագետը նշել է, որ, ըստ տարբեր հարցումների, ԱՄՆ-ում Իրանի դեմ ավիահարվածներին աջակցում է ամերիկացի ընտրողների 21-30 տոկոսը: Ցամաքային գործողությանը հավանություն կտան է՛լ ավելի քիչ մարդիկ, իսկ յուրաքանչյուր սպանված ամերիկացի զինվորի համար իշխանությունները ստիպված կլինեն պատասխան տալ, քանի որ աշնանը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, և դեմոկրատները բաց չեն թողնի հանրապետականների վրա «գրոհելու» նման առիթը։
Օնուֆրիենկոյի կարծիքով` ճիշտ չէ համեմատել Բուշ կրտսերի օրոք Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները և Իրանի դեմ ներկայիս ռազմական գործողությունը։ Նա հիշեցրել է, որ Իրաք է ներխուժել 120–հազարանոց ամերիկյան զորախումբ։ Իսկ Իրանն իր տարածքով և բնակչությամբ մի քանի անգամ մեծ է Իրաքից։
Ավելի վաղ Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորության մասին հայտարարել էր Թրամփը: «The New York Post»-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային զորքեր ուղարկել Իրան, «եթե անհրաժեշտություն լինի»:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: