ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը հայտնել է, թե ինչպես կարող են Fly One ընկերության կողմից Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած ՀՀ քաղաքացիներն անվճար ժամանել Հայաստան։
«Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ի երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։ Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիները պետք է անհատապես մինչև երեկոյան ժամը 20։00-ն գրանցվեն հատուկ հղումով։
Ավտոբուսները շարժվելու են՝ Աբու Դաբիի ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին, իսկ ուղևորների հավաքը լինելու է ժամը 01:30-ին։ Դուբայում ավտոբուսները շարժվելու են ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) նույն օրը և նույն ժամին։
Դեսպանությունից խնդրում են անվճար տեղափոխություններին գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։
Նշվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-ից 13 ժամ։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: