ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Իրանը նոր հարձակում է սկսել Իսրայելում գտնվող թիրախների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Սկսվել է «Իրական հաղորդակցություն 4» գործողության տասնվեցերորդ ալիքը... օկուպացված տարածքների սրտում ավիատիեզերական ուժերի մեծ թվով հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին, իսրայելական բանակը պնդում է, որ հարված է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող «գաղտնի միջուկային կենտրոնին»։ ԻՀՊԿ-ի խոսնակը նաև նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում ավելի շատ ռումբեր են նետել Իրանի վրա, քան 2025 թվականի ամբողջ 12-օրյա գործողության ընթացքում։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: