ՀՀ բանկերը բիզնեսին կվերադարձնեն քարտերով գնումների սպասարկման համար գերավճար գումարները

ՀՀ ԿԲ
Բանկերի միությունը զգուշացնում է, որ այս փոփոխությունների սկզբնական փուլում հնարավոր են տեխնիկական բարդություններ և անճշտություններ, որոնց պատճառով բանկերը կարող են գերավճար գանձել բիզնեսից, բայց այն կվերադառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի բանկերը բիզնեսին կվերադարձնեն բանկային քարտերով գնումների սպասարկման համար գերավճարված գումարները։ Այս մասին ասված է Հայաստանի բանկերի միության հայտարարության մեջ։
Մարտի 1–ից ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ` մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել է բանկային քարտերով գնումների սպասարկման առավելագույն միջնորդավճար` ArCa ազգային վճարային համակարգի քարտերով գործարքների համար` 0,5 %, իսկ Visa–ի և MasterCard–ի համար` 0,9 %–ը:
Բանկերի միությունը զգուշացնում է, որ այս փոփոխությունների սկզբնական փուլում հնարավոր են տեխնիկական բարդություններ և անճշտություններ (այդ թվում՝ բիզնեսի մոտ կարող են սխալմամբ գերավճարներ գանձվել):
Ինչպես նշվում է միության հայտարարության մեջ` նման դեպքերում բանկերը պարտավորվել են որքան հնարավոր է շուտ վերադարձնել այդ գումարները:
Նման բարդությունների առաջացման դեպքում բանկերի միությունը կոչ է անում ձեռնարկություններին անհապաղ դիմել իրենց ՊՈՍ տերմինալը սպասարկող բանկին:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր վերջին ասուլիսի ժամանակ նշել էր, որ քարտային համակարգերից գանձվող միջնորդավճարները շատ դեպքերում տեղավորվում են 0,9–1,8 % միջակայքում։