ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. 19-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
«Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Համլետ Մանուկյանի հետ լավագույնի կոչման համար պայքարում էին սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Պորտուգալիայի ներկայացուցիչ Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, Ադրբեջանի ներկայացուցիչ Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:
Նշենք, որ հիմնական պայքարն ընթանում էր Հայաստանի և Ադրբեջանի մարզիկների միջև։ Քվեարկության արդյունքում Համլետ Մանուկյանը ստացել է ձայների 51 %-ը (1 037 253 ձայն) և առաջ անցել Ադրբեջանը ներկայացնող մարմնամարզիկ Տոֆիգ Ալիևից, որը ստացել է ձայների 48 %-ը (989 233 ձայն)։ Մրցույթի մյուս երեք մասնակիցների ձայները միասին կազմել են 1 %։
Հիշեցնենք` 2025 թ. սեպտեմբերին Փարիզում՝ «World challenge cup» մրցումներում Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն արդեն պաշտոնապես անվանվել է «Մանուկյան»: Նա դարձել է հայ 8-րդ մարմնամարզիկը, որն իր անունով տարր ունի։