ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Եվրոպայում գազի բորսայական գները 2023 թվականի հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցել են 700 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։
TTF ցուցիչով (Նիդեռլանդներում գտնվող Եվրոպայի ամենամեծ կենտրոնը) ապրիլյան (մոտակա) ֆյուչերսները աճուրդը բացել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին՝ 586.7 դոլարով (+8.8%)։ Իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 10:52-ի դրությամբ դրանց գինը կազմել է 710.8 դոլար (+31.8%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից` 539.2 դոլար հազար խորանարդ մետրի համար։
Կատարի պետական QatarEnergy ընկերությունը մարտի 2-ին հայտարարեց, որ անօդաչուների հարձակումների պատճառով դադարեցրել է հեղուկ բնական գազի արտադրությունը բոլոր ձեռնարկություններում։