ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
Ավելի վաղ հայտնել էինք Իրանում ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներից զոհված 555 մարդու մասին։
«Ցավոք, 787 հայրենակից է զոհվել», – ասվում է փրկարարների հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Իրանում հարձակման է ենթարկվել շուրջ 153 քաղաքային շրջան։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: