Ո՞ր դեպքում Իրանը բանակցությունների կգնա ԱՄՆ–ի հետ․ դեսպան Շիրղոլամիի պատասխանը

Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկրի պաշտպանական համակարգը կառուցված չէ մեկ անձի շուրջ, ուստի ղեկավարի մահը չի կարող դրա փլուզման պատճառ դառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Եթե ԱՄՆ-ն դադարեցնի ագրեսիան և հնարավորություն ստեղծվի ազնիվ և ճշմարիտ բանակցությունների համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի դրան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Պարոն Թրամփը (Ամն նախագահ դոնալդ Թրամփը–խմբ.) ցանկանում է ունենալ շատ հեշտ նվաճվող և ծախս չպահանջող հաղթանակներ։ Դուք ինձ հարցնում եք, թե ես ինչպես եմ պատկերացնում ԱՄՆ-ի պարտությունը։ Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն հիմա էլ պարտվում է։ Դուք խոսում եք մարդկության պատմության մեջ ռազմական ամենամեծ ուժն ունեցող պետության՝ ԱՄՆ-ի մասին, հիմա էլ նա համոզվեց, որ սա այդ հեշտ ու որևէ ծախս չպահանջող հաղթանակը չէ, երբ կարող ես հարված հասցնել ու առանց որևէ հակահարվածի գնալ։ Մենք մեր երկիրը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ու պաշտպանական ոլորտը կենտրոնացած չեն մեկ անձի շուրջ, և մեկ անձի մահվան պատճառով հնարավոր չէ, որ պաշտպանական համակարգում խառնաշփոթ առաջանա կամ այն փլուզվի։ Դեսպանի խոսսքով՝ դա ցույց տվեց նաև 12-օրյա պատերազմը։
«Հիմա էլ իսրայելական կողմն ապշած ու զարմացած է, թե ինչ մասշտաբներով է եղել իրանական հակահարվածը։ Իրանը խոր արմատներ ունեցող պետություն է, և այսօր դա տեսնում ենք թե՛ զինված ուժերի, թե՛ իշխանության համակարգում»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: