ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։
«Պատերազմի կիզակետում Հայֆայի Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը վանդալիզմի է ենթարկվել և պոկվել»,– գրել է լրագրողը։
Նկատենք, որ Իսրայելի և ԱՄՆ–ի կողմից Իրանի վրա հարձակումից հետո այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել են իրենց իրանցի գործընկերներին։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: