ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու կամ չհանելու հետ կապված դեռևս որոշում չկա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Այն հարցին, թե արդյոք կառավարությունը Սահմանադրական բարեփոխումների խորհրդին դիմելու է այդ հարցով, Գալյանը պատասխանեց, որ այդ մասով ևս որոշում չունեն։
«Մենք դեռ չենք ձևավորել այնպիսի օրակարգ, որը հստակ լինի՝ առաջարկելո՞ւ ենք Անկախության հռչակագրի հղման հեռացում, թե՞ ոչ։ Ամեն դեպքում սա հարց է, որը շատ երկար քննարկել ենք, այդ թվում՝ լրագրողների հետ։ Բայց մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք խորհուրդը չի ընդունել։ Ինտրիգ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա. մենք բաց ենք աշխատում»,– ասաց Գալյանը։
Նախարարը վերահաստատեց, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին և ասաց` որ հատվածներ են պատրաստ։
«Դեռևս պատրաստ չեն Սահմանադրության նախաբանը և առաջին գլուխը։ Երկրորդ և երրորդ գլուխները միավորելու ճանապարհով ենք գնացել, այսինքն՝ դարձրել ենք մեկ գլուխ: Սա նշանակում է, որ պետության՝ քաղաքացիներին պաշտպանելու պոզիտիվ պարտականությունը բարձրանում է: Օրինակ՝ առողջապահության իրավունքը և այլն ամրապնդվել են։ Այսինքն՝ պետությունն ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել այդ առումով»,– ասաց Գալյանը։
Գալյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռևս չի քննարկել Սահմանադրության փոփոխությունների և կառավարության ղեկավարի գործառույթների հետ կապված որոշ դրույթներ։ Նոր Սահմանադրության տեքստը, ըստ նախարարի, լինելու է նախնական տարբերակ, որտեղ առաջարկների հիման վրա պետք է կատարվեն փոփոխություններ։
Նշենք, որ հենց ՀՀ Սահմանադրության նախաբանում է հղում արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան: