ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, և դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարի կամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով Իրանի պատասխան քայլերին՝ դեսպանը շեշտեց՝ դրանք ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են։
«Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Թրամփի խորհրդականները նրան զգուշացրել են, որ սա հեշտ ու ոչ ծախսատար պատերազմ չի լինելու։ Նրա կարծիքով՝ հիմա արդեն Թրամփն էլ է այդ հարցում համոզվել։
Դեսպանը շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի այս ագրեսիան։ Նա ընդգծեց, որ Չինաստանն ու Ռուսաստանը վճռական ձևով արդեն դա արել են։
«Մենք կարող ենք ինքնուրույն կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, կարիք չունենք, որ որևէ մեկը գա ու պատերազմի մեր համար։ Բայց, իհարկե, մեր գործընկերների համագործակցությունն ու աջակցությունն այս հարցում մեզ համար կարևոր են»,- ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է հարևան երկրների արձագանքին, որտեղ թիրախավորվել են ամերիկյան ռազմաբազաները, դեսպանը շեշտեց՝ սա պատերազմ է, որն իրենց պարտադրվել է։
«Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր կերպ օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում, և մենք ուղղակի նստենք ու նայենք»,- հավելեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այս երկրներում տեղակայված ռազմաբազաների օգտագործումն արվել է կա՛մ այդ երկրների թույլտվությամբ, ինչը դեսպանի գնահատմամբ՝ արդեն իսկ թշնամանք է Իրանի նկատմամբ, կա՛մ էլ այդ երկրների իշխանությունների հետ համաձայնեցված չեն եղել այդ գործողությունները։ Դեսպանի կարծիքով՝ այս դեպքում էլ ստացվում է մի իրավիճակ, որ այդ տարածքները տվյալ երկրների ինքնիշխանության ներքո չեն, հետևաբար Թեհրանը դրանք դիտարկում է որպես ամերիկյան։
«Այս ագրեսիան և գործություններն անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը։ Եվ, իհարկե, այս գործողությունները եթե շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ։ Նրանք, ովքեր իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, ոչ պատասխանատու կերպով վտանգի ենթարկեցին թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կայունությունն ու խաղաղությունը»,-հայտարարեց դեսպանը։
Նշենք, որ մամուլի ասուլիսը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և շուրջ 170 ուսուցիչների և երեխաների։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: