ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին զանգը եղել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանին: Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի և Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա ալ Խալիֆայի հետ:
Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մերձավորարևելյան սուր ճգնաժամի վրա, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայով։ Այդ պատճառով, ըստ Կրեմլի հաղորդագրության, տարածաշրջանում մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
Կարևորվել է հակամարտության շուտափույթ ապաէսկալացիան և փոխադարձ հարգանքի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա տարաձայնությունների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներին վերադառնալը:
Արաբական երեք երկրների առաջնորդները երախտագիտություն են հայտնել ՌԴ նախագահին ներկա բարդ իրավիճակում տարածաշրջանի պետություններին աջակցելու համար և նշել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը: Բանակցությունների ընթացքում հույս է հայտնվել, որ Իրանի պատասխան գործողությունները չեն վնասի հարևան երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Պուտինը հաստատել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության կայունացմանն աջակցելու համար:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: