ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հետագա գործողությունների շուրջ՝ AZAL ընկերության օդանավի կործանման հետ կապված բոլոր խնդիրները լուծելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
«Այսօր առավոտյան հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպմանը քննարկել ենք 2024 թվականի դեկտեմբերի 25-ի ողբերգության հետ կապված հարցեր: Պայմանավորվել ենք հետագա գործողությունների մասին, որպեսզի լուծենք այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են դրա հետ կապված»,- Բաքու կատարած այցի ավարտին լրագրողներին ասել է Օվերչուկը:
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում՝ Ակտաու քաղաքի մոտակայքում: Ավիաընկերության տվյալներով՝ օդանավում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ, ՌԴ դեսպանատան տեղեկություններով՝ նրանց թվում եղել են ինը ռուսաստանցիներ: Ընդհանուր առմամբ, ըստ ցուցակների, օդանավում եղել է ՌԴ 16 քաղաքացի: